ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ խնդրում
ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում ՀՀ վարչապետի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը և ավելացրել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին համակարծիք են եղել, որ ԼՂ հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնախնդրի հարցով զբաղվող միջազգային ճանաչված միակ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
Այս համատեքստում, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների շուրջ:
Հանդիպման ավարտին երկու երկրների առաջնորդները հանձնարարել են Հայաստանի և Իրանի կառավարությունների պատասխանատուներին` ըստ ոլորտների շարունակել ակտիվ քննարկումները` մինչև միջկառավարական գալիք նիստը դրանք կոնկրետ պայմանավորվածությունների վերածելու նպատակով:

















































