Ռուսաստանը Հայաստանում և Աբխազիայում գտնվող ռազմաբազաների զորքերի անսպասելի ստուգում է սկսել
ՌԴ Հարավային ռազմական շրջանում հայտարարվել է զորքերի մարտական պատրաստականության անսպասելի ստուգում, ներգրավված է մոտ 6 հազար զինծառայող և 1,5 հազար միավոր տեխնիկա: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հարավային ռազմական շրջանին:
«Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Աստրախանի և Վոլգոգրադի շրջաններում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ադիգեյում տեղակայված մի շարք միավորումների և զորամասերի, ինչպես նաև Հայաստանի և Աբխազիայի հանրապետություններում ռուսական ռազմաբազաների ստորաբաժանումների մարտական պատրաստականության անսպասելի ստուգում է սկսել»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ գլխավոր նպատակն է ստուգել, թե ինչքանով են ստորաբաժանումները պատրաստ կատարել նախանշված խնդիրները, ինչպես նաև գնահատել մարտական պատրաստության մակարդակը: Ստուգումներին ներգրավված է ավելի քան 20 շտաբ և ռազմական վերահսկողության այլ մարմին:

















































