Նռնակով զինված տղամարդը ներխուժել է կառավարության շենք
43–ամյա տղամարդը ձեռքին նռնակով մուտք է գործել Կառավարության շենք ինքնապայթեցման նպատակով, սակայն, վնասազերծվել է Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
«43–ամյա տղամարդը բերման է ենթարկվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1–ին մասով։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,– ասաց Սամսոն Գալստյանը։
Նշենք, որ սույն հոդվածը սահմանում է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ, երբ մի խումբ ցուցարարներ ոտքերով հարվածում էին կառավարության շենքի մուտքի դռներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենց շենքն է՝ ոնց կուզեն, կվարվեն:

















































