Ազատամարտիկ Արմեն Մկրտուկյանը դադարեցրել է հացադուլը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ազատամարտիկ Արմեն Մկրտումյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են Ան ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Նշենք, որ ազատամարտիկը շուրջ երկու շաբաթ հացադուլ էր հայտարարել` պահանջելով արդարադատության նախարարությունից եւ Մարդու իրավունքների պաշտպանից այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ, ուսումնասիրել խուցը, որտեղ պահվում է ինքը եւ կազմակերպել իր առողջական վիճակի հետազոտում:
Հարցին` արդյոք բավարարվել է նրա պահանջը, լրատվական ծառայությունից ասացին, որ դիմումում միայն նշված է հացադուլի դադարեցման մասին:
Ազատամարտիկը պնդում է, որ բազմաթիվ հիվանդություններ ունի, սակայն, նրան չեն տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց» կամ քաղաքացիական հիվանդանոց: Նրա խոսքով՝ ճաղերի հետեւում է հայտնվել վաշխառուի պատճառով. «Իմ բարեկամուհին ծանր հիվանդ էր, իրեն շտապ գումար էր հարկավոր: Մի կնոջից 19 հազար դոլար գումար վերցրեց, ես էլ երաշխավոր կանգնեցի: Բայց քանի որ բարեկամուհուս վիճակը գնալով վատանում էր, իր գումարը հետ էր պահանջում, դատի տվեց մեզ: Դատաքննության ընթացքում էլ իմ բարեկամուհին բազմաթիվ անգամներ ասել է, որ ես կապ չունեմ դրա հետ, ընդամենը երաշխավոր եմ եղել, բայց ինձ մեղավոր ճանաչեցին եւ 6 տարվա ազատազրկման դատապարտեցին»,-պատմեց նա:

















































