ՀՔԾ պետը ՌԴ ԱԳ նախարարին միամիտ մարդու տեղ է դրել
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ասաց, որ քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ ՀՔԾ պետն այն պաշտոնյան չէ, ով պետք է մեկնաբանի այլ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերը, ինքը ներկայացնում է իր կարծիքը:
«Այս գործընթացը խիստ իրավական ընթացակարգերում է, և շահարկողներին, ովքեր բազմիցս ասել են, թե իբր ՀՔԾ մեղադրանքի որոշման մեջ կասկածի տակ է դրվում ընտրությունների արդյունքները, ուզում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ մեր որոշման մեջ նման դրույթ չկա: Մենք կասկածի տակ չենք դրել ընտրության արդյունքները: Մենք ընդամենը նշել ենք, որ քաղաքացիները, որոնք ընտրությունների արդյունքները համարել են կեղծված, դուրս են եկել փողոց իրենց իրավունքները վերականգնելու համար»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

















































