Մոսկվայի արձագանքը Խաչատուրովի ձերբակալությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի փոփոխության հարցով «անհրաժեշտ պարզաբանումները հայկական կողմին տրվել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Ռուսաստանյան Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հուլիսի 27-ի հեռախոսազրույցում»: Այս մասին շաբաթ օրը հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտը՝ անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարության խոսնակի հայտարարությանը:
«Մասնավորապես, նշվել է, որ համաձայն ՀԱՊԿ ընթացակարգի կանոնների՝ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացու հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, եթե հետկանչի որոշումը ընդունվել է Երևանում», - ասված է հաղորդագրությունում:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը այսօր ասել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

















































