«Հայաստան» հիմնադրամը կձեռնարկի անհրաժեշտ բարեփոխումներ և կիրականացնի առավել մեծ ու կարեւոր ծրագրեր
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով հիմնադրամի նվիրատուներին: Նա վստահեցրել է, որ հիմնադրամը շարունակում է բնականոն գործունեությունը և ընթացքի մեջ են շուրջ 60 ծրագրեր: «Արմենպրես»-ը ներկայացնում է Թերզյանի հայտարարությունն ամբողջությամբ.
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի հարգելի նվիրատուներ,
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամները, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստան Համահայկական Հիմնադրամի Նախագահ Պրն Արմեն Սարգսյանի առաջադրանքին, ինձ հանձնվեց Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, որը պաշտոնապես ստանձնեցի 2018-ի հուլիսի 19-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահի առաջարկն ընդունելուց անմիջապես հետո մեկնեցի Երեւան, ուր հուլիսի 15 եւ 16-ին հանդիպումներ ունեցա պետական բարձրաստիճան անձանց, ինչպես նաեւ Հիմնադրամի Երեւանի գրասենյակի անձնակազմի հետ:
Առաջին քայլս եղավ ստուգել Հիմնադրամի հաշիվների ամբողջականությունը: Քննարկումների արդյունքում պարզվեց, որ նախկին գործադիր տնօրենի կողմից Հիմնադրամի վարկային գծի միջոցով անձնական նպատակների համար օգտագործված գումարները կարճ ժամկետներում վերադարձվել են Հիմնադրամի հաշվին, այդպիսով իսկ վրիպելով հաշվեքննիչների ուշադրությունից:
Այդուհանդերձ, վերջին իրադարձությունների առիթով, Հիմնադրամի հաշիվների հսկողության համակարգում երեւան են եկել խոցելիության ճեղքեր: Ուստի, պահանջել եմ անհապաղ ի գործ դնել վերահսկողության եւ ահազանգային հավելյալ միջոցներ՝ դրանք իսպառ վերացնելու համար:
Առաջիկա օրերին նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու: Թեկնածությունները քննվելու են մրցութային հանձնաժողովի (ժյուրիի) կողմից սեպտեմբերի 10—ին՝ իմ նախագահության ներքո:
Հարգելի նվիրատուներ,
Անցյալ 26 տարիների ընթացքին, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը գործել է թափանցիկ եւ հաշվետու, ըստ միջազգային նորմաների: Իրականացրել է հսկայածավալ ծրագրեր:
Հիմնադրամը այսօր եւս շարունակում է իր գործունեությունը: Շուրջ 60 ծրագրեր ընթացքի մեջ են: Հայաստանն ու Արցախը պետք ունեն համազգային այս կառույցին:
Համոզված եմ, որ Հիմնադրամն իր նվիրատուների զորակցության շնորհիվ կհաղթահարի տագնապի այս պահը, կձեռնարկի անհրաժեշտ նորարար միջոցներ ու բարեփոխումներ եւ կկարողանա իրականացնել առավել մեծ ու կարեւոր ծրագրեր հօգուտ Հայաստանի եւ Արցախի բնակչության»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ