Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կքննարկեն ԼՂ խնդիրը
Սերժ Սարգսյանը մարտի 14-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Նա Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում կմնա երկու օր, որոնց ընթացքում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, գրում է «Իզվեստիա» թերթը:
Հանդիպման մասին տեղեկությունը թերթին հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թերթի տվյալներով՝ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: Բացի այդ, աղբյուրների տեղեկություններով, կողմերը մտադիր են ստորագրել մի շարք ներդրումային համաձայնագրեր:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Մոսկվա կայցելի ՌԴ-ի և ՀՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
«Պատրաստում ենք Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը»,- ասել է Լավրովը:

















































