Ս-400–ի համաձայնագիրը չի ազդի ԱՄՆ–ից F-35–ի մատակարարմանը
Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված Ս–400 զենիթային հրթիռների համալիրների մասին համաձայնագիրը չի կարող ազդեցություն գործել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման վրա։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրետին Ջանիկլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ս-400 գնման խնդիր չկա, այն կարող է իրականացվել նույնիսկ համաձայնեցված ժամկետներից շուտ։ Այն ազդեցություն չի գործի F-35–ի գնման վրա»,– Ջանիկլիի խոսքը մեջբերում է A Haber հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները ստորագրել են Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման վարկային համաձայնագիրը։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Վոլկան Բոզկիրը երեքշաբթի հայտարարել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը կարող է արգելել F-35 կործանիչների մատակարարումը որպես Ս-400–ների գնման պատասխան քայլ։

















































