18 ամիս տևած բանակցություններից հետո Ռուսաստանի և Սիրիայի իշխանությունները համաձայնության են եկել Սիրիայում ռուսական ռազմաբազաների հետագա կարգավիճակի շուրջ։ Սիրիական պաշտոնական SANA գործակալության հաղորդմամբ՝ Խմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»։
Երկու բազաների քաղաքացիական նշանակության օբյեկտները կփոխանցվեն Դամասկոսի վերահսկողությանը։ Մասնավորապես, նախատեսվում է Տարտուսի նավահանգստային օբյեկտներից մեկը հանձնել Սիրիայի քաղաքացիական իշխանություններին։
Մոսկվայի և Դամասկոսի ստորագրած փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ նախատեսված փոփոխությունները պետք է իրականացվեն երեք ամսվա ընթացքում։
Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո՝ 2024 թվականի դեկտեմբերին, Սիրիայում ռուսական ռազմական ներկայության ապագան հարցականի տակ էր։ Դամասկոսի նոր իշխանությունները սկսել էին վերանայել նախկինում կնքված համաձայնագրերը։ Դրանց թվում էր նաև Տարտուսի նավահանգստի արդիականացման և կառավարման վերաբերյալ ռուսական «Ստրոյտրանսգազ» ընկերության հետ պայմանագիրը, որը չեղարկվել էր։ Դրանից հետո Ռուսաստանը սկսել էր ռազմական տեխնիկայի դուրսբերումը Սիրիայում իր մի շարք օբյեկտներից։
2025 թվականի հոկտեմբերին հաղորդվել էր, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրեթե վեցամսյա ընդմիջումից հետո վերսկսել են թռիչքները դեպի Խմեյմիմի ավիաբազա։ Նույն տարվա դեկտեմբերին Ռուսաստանը սկսել էր ռազմական տեխնիկան և անձնակազմը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ղամիշլիի օդանավակայանից։ Հաղորդվում էր, որ ուժերի մի մասը տեղափոխվելու է Խմեյմիմ, իսկ մյուս մասը՝ Ռուսաստան։
Հուլիսին Reuters-ը հաղորդել էր, որ Մոսկվան և Դամասկոսը պայմանավորվել են Տարտուսի ռազմածովային բազայի երկու նավահանգստային հատվածներից մեկն օգտագործել առևտրային նպատակներով, իսկ մյուսը պահպանել Ռուսաստանի ռազմածովային ուժերի օգտագործման համար։ Նախագիծը քննարկվել էր նաև հունվարի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հանդիպման ժամանակ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից