Հայաստանի համայնքների միությունն անցկացրեց իր ընդհանուր ժողովը՝ ամփոփելով վերջին վեց ամիսների գործունեության արդյունքները, ներկայացնելով իրականացված ծրագրերը և նախանշելով առաջիկա տարիների ռազմավարական առաջնահերթությունները։
Համաժողովը համախմբել էր պետական կառույցների ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների, միջազգային գործընկերների և ոլորտի մասնագետների՝ դառնալով տեղական ինքնակառավարման զարգացման շուրջ մասնագիտական քննարկումների կարևոր հարթակ։
Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը կարևորել է միության դերակատարությունը՝ որպես համայնքների շահերը ներկայացնող և պետական քաղաքականությունների մշակման գործընթացում ակտիվ մասնակցություն ունեցող կառույցի։ Նա ընդգծել է, որ Միությունը շարունակելու է աջակցել համայնքների ինստիտուցիոնալ զարգացմանը, ֆինանսական ինքնուրույնության բարձրացմանը, միջհամայնքային համագործակցության ընդլայնմանը և ժամանակակից կառավարման գործիքների ներդրմանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կարևորել է համայնքների առանցքային դերակատարությունը երկրի համաչափ զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործունեության և քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման գործում։ Նա ընդգծել է, որ համայնքների հզորացումը պետական քաղաքականության կարևոր ուղղություններից է, իսկ համայնքների և պետական կառույցների միջև շարունակական ու կառուցողական համագործակցությունը հանդիսանում է իրականացվող բարեփոխումների հաջողության կարևոր նախապայմանը։
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը, ներկայացնելով վերջին վեց ամիսների գործունեության համապարփակ հաշվետվությունը, նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի համայնքների միությունը շարունակել է իր գործունեությունը երեք հիմնական ռազմավարական ուղղություններով՝ ինստիտուցիոնալ հզորացում, համայնքների կարողությունների զարգացում և համայնքների շահերի պաշտպանություն՝ ազգային ու միջազգային մակարդակներում։
Վերջին ամիսների կարևորագույն ձեռքբերումներից մեկը Միության նոր գրասենյակի բացումն էր Բյուզանդ 1/3 հասցեում։ Նոր տարածքը նախատեսված է ոչ միայն կազմակերպության վարչական գործունեության համար, այլև որպես համայնքների ներկայացուցիչների, փորձագետների և միջազգային գործընկերների համագործակցության, վերապատրաստումների և մասնագիտական քննարկումների կենտրոն։
Հաշվետու ժամանակահատվածում էականորեն ընդլայնվել են նաև համայնքներին տրամադրվող մասնագիտական աջակցության գործիքները։ Միությունը ձևավորել է իրավաբանական խորհրդատվության, հանրային կապերի, հաղորդակցության, ճգնաժամային հաղորդակցության, օրենսդրական վերլուծությունների և հաղորդակցական ռազմավարությունների մշակման աջակցության համակարգեր։ Առաջին անգամ կազմակերպվել է նաև Հայաստանի համայնքների հանրային կապերի մասնագետների հանդիպումը՝ նպատակ ունենալով ձևավորել միասնական մասնագիտական ցանց և խթանել փորձի փոխանակումը։
Հայաստանի համայնքների միությունը վերջին ամիսներին ակտիվորեն զարգացրել է գործընկերային հարաբերությունները միջազգային կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման ոլորտի առաջատար կառույցների հետ՝ համայնքներին հասանելի դարձնելով միջազգային լավագույն փորձը, նորարարական լուծումները և զարգացման ժամանակակից մոտեցումները։
Միությունը շարունակել է ակտիվ մասնակցությունը նաև օրենսդրական գործընթացներին՝ ներկայացնելով համայնքների դիրքորոշումները տեղական ինքնակառավարման ոլորտին վերաբերող կարևոր բարեփոխումների շուրջ։
Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաև Հայաստանի համայնքների միության 2026–2031 թվականների ռազմավարության մշակման ընթացքը։ Նոր ռազմավարությունը նախատեսում է կենտրոնանալ համայնքների կարողությունների զարգացման, ֆինանսական ինքնուրույնության ամրապնդման, թվային լուծումների ներդրման, միջազգային համագործակցության ընդլայնման, համայնքային ծառայությունների որակի բարձրացման և կայուն զարգացման սկզբունքների ինտեգրման վրա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից