Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունիսի 27-ին 84 տարեկանում կյանքից հեռացել է հայ էստրադային արվեստի նշանավոր ներկայացուցիչ, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը:
Ռաիսա Մկրտչյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին Սևան քաղաքում։ Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, ապա ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ուսմանը զուգահեռ հանդես է եկել երիտասարդական էստրադային նվագախմբերում՝ ձևավորելով իր կատարողական անհատական ոճը։
Ստեղծագործական գործունեության սկզբից նա համագործակցել է հայ երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչների հետ և եղել բազմաթիվ հանրահայտ երգերի առաջին կատարողը։
Նրա երգացանկում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Մարտին Վարդազարյանի, Ալեքսանդր Աճեմյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։
1968 թվականից Ռաիսա Մկրտչյանն աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես մեներգչուհի։ Նրա կատարմամբ ձայնագրվել են ավելի քան 400 երգեր, որոնց զգալի մասը պահպանվում է Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության Ոսկե ֆոնդում։
Իր երկարամյա գործունեության ընթացքում նա արժանացել է մասնագիտական գնահատականի և բազմաթիվ պետական պարգևների, ինչպիսիք են՝ «Մովսես Խորենացի» մեդալը, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալը, ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը։
Սիրված երգչուհին մշտապես եղել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում և մասնակից է եղել նախարարության կողմից կազմակերպվող մշակույթի գործիչների հանդիպումներին:
Ռաիսա Մկրտչյանը համարվում է հայկական էստրադայի խորհրդանշական դեմքերից մեկը, որի ստեղծագործական ժառանգությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Նա այն արվեստագետներից էր, որը ներկայացրել է հայկական երաժշտարվեստն աշխարհի լավագույն բեմահարթակներում, որոնց թվում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան, Քարնեգի հոլը, Սիդնեյի, Մոնրեալի, Բեյրութի, Բուենոս Այրեսի նշանավոր դահլիճները:
Ռաիսա Մկրտչյանի երգարվեստն առանձնանում էր քնարականությամբ, արտահայտչականությամբ և բարձր կատարողական մշակույթով։ Նրա կատարմամբ հնչած բազմաթիվ երգեր դարձել են հայկական էստրադայի դասական նմուշներ և շարունակել են սիրվել տարբեր սերունդների կողմից, իսկ հոբելյանական համերգներն ու ստեղծագործական երեկոները մշտապես արժանացել են լայն հասարակական արձագանքին՝ վկայելով երգչուհու բացառիկ հեղինակության և սիրված լինելու մասին։
ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և երգչուհու արվեստի երկրպագուներին և տեղեկացնում, որ ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:
Հոգեհանգստի և վեջին հրաժեշտի օրն ու ժամը կտեղեկացվեն լրացուցիչ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից