Վերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքը
Այգեշատ գյուղի հին բնակատեղին 2-րդից 1-ին հազարամյակով է թվագրվում: Դամբարանադաշտը բազմաշերտ է։ Վերջին անգամ այն պեղվել է 1982-ին: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնագետները չեն կարողանում շարունակել պեղումները։ Փոխարենը շատացել է գանձագողությունը: ԿԳՄՍ նախարարության պատվերով Այգեշատում վերականգնվում է 7-րդ դարի սուրբ Թարգմանչաց վանքը, որը հարյուրամյակների ընթացքում ավերվել էր: Աշխատանքների հիմնական մասն ավարտվել է, և այս տարի խոնարհված եկեղեցին կբացի դռները: Գյուղի մյուս՝ սուրբ Աստվածածին եկեղեցին էլ վերանորոգման կարիք ունի:
Այգեշատի սուրբ Մարիամ Աստվածածին եկեցեղու խոնավ պատերի ներսում երբեմն տարածվում է խնկի բույրը, իսկ շարականների հնչյունները աղոթքի են կանչում հազարամյակների պատմություն ունեցող Այգեշատ գյուղի բնակիչներին: Այստեղ պատարագ է մատուցվում միայն տաղավար տոներին՝ ասում է եկեղեցու հարևանությամբ ապրող Լևոն Հովսեփյանը: «Սա մեր գյուղական ժամն է, մոմերը մենք ենք բերում, այստեղ չեն վաճառվում: Տեր հայրն այստեղ չի լինում, գալիս է միայն քրիստոնեական տոներին ու պատարագ մատուցում»,- ասում է նա։
Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, սակայն նորոգվել է 20-րդ դարի սկզբին։ Այդ մասին վկայում է եկեղեցու մուտքի վերևի փորագրությունը՝ Աստծո ողորմածությամբ սուրբ Աստվածածին եկեղեցին նորոգվեց 1905-1909 թթ-ին: Եկեղեցու խորանին գյուղի բնակիչների բերած մի քանի սրբապատկերներն են ու մոմ վառելու հարթակը: Գյուղական ժամը, ինչպես տեղացիներն են անվանում, ևս մեկ անգամ վերանորոգվել է1983թ-ին:
Այգեշատում են նաև 7-րդ դարի խոնարհված սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Թարգմանչաց վանքը` կիսավեր 2 պատ: Շինության քարերը տարիներ առաջ համարակալվել են ու շարվել եկեղեցու տարածքում: ԿԳՄՍ նախարարության պատվերով 2023թ.-ից սկսել են վերականգնել Թարգմանչաց վանքը:
«Գիտեք, այս վանքի հիմքում եղել է ինչ-որ հեթանոսական մեհյան: Քրիստոնեությունը ընդունելուց հետո այդ մեհյանի վրա արդեն կառուցվել է մեր Թարգմանչաց վանքը»,- ասում է վանքի պատմությամբ հետաքրքրվող Լևոն Հովսեփյանը։
Այգեշատի սուրբ Աստվածածին եկեղեցին Թարգմանչաց վանք է կոչել Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը: Ժամանակին վանքը գրչության կենտրոն է եղել: Շինարարական աշխատանքները հիմա ընթանում են։ Արդեն վերականգնվել է եկեղեցու հիմնական տեսքը:
Այգեշատ գյուղը հազարամյակների պատմություն ունի, այստեղ շատ են դամբարանադաշտերը, որտեղից պեղված գտածոները խնամքով պահվում են Վաղարշապատի պատմա-ազգագրական թանգարանում՝ ասում է թանգարանի տնօրեն, հնագետ Անժելա Թադևոսյանը:
«Այգեշատի դամբարանադաշտում 21 դամբարան է պեղվել, որոնց բոլոր նյութերը մշակված, լուսանկարված, չափագրված ցուցադրվում են Վաղարշապատի պատմա-ազգագրական թանգարանում: Մի քանի նյութ անտիկ ժամանակաշրջանի է, ուշ բրոնզե, վաղ երկաթե դարի, և ունենք ուրարտական շրջանի գտածոներ»:
Այգեշատի դամբարանադաշտը հետազոտվել է 1960-ականներին, իսկ պեղումները սկսվել են 1970-ականներին՝ Ռաֆիկ Թորոսյանի գլխավորությամբ:
Հնագետ Անժելա Թադևոսյանն ասում է, որ վերջին պեղումներն արվել են 1982թ-ին: Դամբարանադաշտը բազմաշերտ է ու հարուստ թանկարժեք իրերով: «Սև փայլեցված խեցեղեն, մետաղ, բրոնզե կոճակներ, անտիկ ժամանակաշրջանից ունենք անագե հայելի, որն արծաթապատ է: Երկաթից պատրաստված մարդուկներ՝ իրենց տուփերով, որոնք խորհրդանշում են Սանդարամետ աստվածությանը: Կարմիր փայլեցված խեցեղեն, խեցանոթներ, որոնք պահվում և, իհարկե, ցուցադրվում են: Բավականին հարուստ դամբարանադաշտ է: Ունենք նաև մարդակերպ կուռքեր»:
Հնագետները դամբարանադաշտի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեն, սակայն ֆինանսների բացակայության պատճառով չեն կարողանում պեղել հնավայրը: Հնագետների փոխարեն այստեղ պարբերաբար գանձագողերն են հայտնվում: «Մենք պարբերաբար գնում, նայում ենք: Եղել է դեպք, որ մենք տեղում ենք ֆիքսել գանձագողերին: Նրանք մեծ մասամբ փորձում են ոսկի գտնել, թեկուզ նույն կավանոթները, որոնք կարողանում են վաճառել»։
Հնագետները սպասում են ֆինանսավորման, որպեսզի 44 տարի անց դարձյալ կարողանան պեղել Այգեշատի հարուստ դամբարանադաշտը, որը բացահայտում է մեր պատմության ու քաղաքակրթության ակունքները:
armradio.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից