Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար
Վայք համայնքի երիտասարդներն այսուհետ կօգտվեն նորաբաց «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի ծառայություններից, որը հիմնվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից:
Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Վայք քաղաքում տեղակայված կենտրոնը գործելու է «ալտերնատիվ» մեթոդաբանությամբ, որը մշակել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն․ այն փորձված և լայնորեն կիրառվող մոդել է, որն արդեն հաջողությամբ իրականացվում է Հայաստանի երեք այլ համայնքներում։ Այս մոդելը հիմնված է ոչ ֆորմալ կրթության, մասնակցային գործելակերպի, հոգեսոցիալական բարեկեցության և երիտասարդների զորեղացման վրա։
Կենտրոնը սպասարկելու է համայնքի 16 բնակավայրի 13-35 տարեկան դեռահասներին և երիտասարդներին՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական և երիտասարդական ծառայություններ։
Կենտրոնն առաջարկելու է կարողությունների զարգացման ծրագրեր, առաջնորդության և ձեռնարկատիրական կրթություն, ինտելեկտուալ և ժամանցային միջոցառումներ, ինչպես նաև անհատական մենթորություն և խորհրդատվություն, այդ թվում՝ հոգեսոցիալական աջակցություն։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ Հայաստանի որևէ անկյունում այսօրինակ միջավայր ունենալը համատեղ ձեռքբերում է․ «Այսպիսի երիտասարդական կենտրոնների ստեղծումը համահունչ է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններին։ Այն հնարավորություն է տալիս գործնականում իրականացնել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը համայնքային մակարդակում՝ ապահովելով մասնակցության մեխանիզմներ, հմտությունների զարգացման հնարավորություններ, ուժեղացնելով երիտասարդների ներգրավվածությունը տեղական որոշումների կայացման գործընթացներում»։
ՀՀ Կառավարության 2021-2026 գործունեության միջոցառումների ծրագրով մինչև տարեվերջ նախատեսված է ունենալ 25 երիտասարդական կենտրոն: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը կարևորել է գործընկեր կառույցների նախաձեռնությամբ ևս կենտրոնների ձևավորումը՝ պետության հաստատած միասնական ձևաչափով և ուղեցույցներով։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ կենտրոնի գործունեության մեջ առաջնային է ակտիվ քաղաքացիության խրախուսումը և ՏԻՄ-երի հետ համագործակցությունը՝ փոխակերպելու իրենց բնակավայրը, համայնքը, մարզը՝ այդպիսով նաև պետությունը: Նա երիտասարդական կենտրոնի գործունեությունը կարևորել է նաև ինտելեկտուալ ժամանցի, գաղափարների փոխանակման, հանրային երկխոսության կայացման, նոր նախաձեռնությունների քննարկման, ինչպես նաև երիտասարդների կարողությունների զարգացման տեսանկյունից՝ որպես ոչ ֆորմալ կրթության գործիքակազմ: Խոսքը եզրափակելով՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հաջող համագործակցության համար և կենտրոնին մաղթել արդյունավետ գործունեություն:
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանի խոսքով՝ կենտրոնը Վայոց ձորում ներկայացնում է երիտասարդական աշխատանքի կայուն մոդել՝ համադրելով ուսուցումը, մասնակցությունը և իրական հնարավորությունները. «Մեր նպատակն է ապահովել, որ տեղի երիտասարդները ոչ միայն ներգրավված լինեն, այլ նաև կարողանան նախաձեռնել, լուծումներ մշակել և նպաստել իրենց համայնքի երկարաժամկետ զարգացմանը»։
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական նշել է․ «Ճապոնիայի կառավարությունը մեծ ուրախությամբ է աջակցում այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են դեռահասների և երիտասարդների հոգեսոցիալական բարեկեցությանը և ամրապնդում տեղական համայնքները։ Մենք վստահ ենք, որ երեխաների և երիտասարդների ներուժի լիարժեք իրացման հնարավորությունների ստեղծումը կարևոր է կայուն զարգացման համար, և հպարտ ենք մեր ներդրումն ունենալ Վայոց ձորի մարզում այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանի խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համայնքային երիտասարդական կենտրոնները դիտարկում է որպես կարևոր հարթակներ դեռահասների հոգեսոցիալական բարեկեցության ապահովման համար, ինչը ուսուցման, մասնակցության և դեպի չափահաս կյանք հաջող անցման հիմքն է. «Համախմբելով պետական կառույցներին, տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը, դոնորներին և հենց երիտասարդներին՝ մենք նպաստում ենք, որ ազգային երիտասարդական քաղաքականությունները տեղայնացվեն՝ վերածվելով ներառական և բարձրորակ ծառայությունների հենց համայնքներում»։
Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել ստեղծված հնարավորության համար՝ ընդգծելով․ «Կենտրոնը ստեղծում է նոր հնարավորություններ Վայքի երիտասարդների համար՝ իրենց իսկ համայնքներում ծառայություններից օգտվելու, իրենց ներուժը զարգացնելու և ապագան այստեղ տեսնելու առումով»։
Միջոցառման ավարտին հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել պայմաններին, շփվել համայնքի երիտասարդների հետ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից