Արմեն Մարտիրոսյան. Հայաստանը չպետք է քաղբանտարկյալների թվով Ադրբեջանի հետ մրցակցի
Հայաստանը չպետք է քաղբանտարկյալների թվով Ադրբեջանի հետ մրցակցի: Այս մասին փետրվարի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի համապետական ընտրացուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Նրա խոսքով՝ Հայաստանն ընդհանրապես ոչ մի հարցով Ադրբեջանի հետ չպետք է մրցակցի: Ըստ Մարտիրոսյանի՝ իրենց դաշինքը մի գրավիչ յուրահատկություն ունի, ինչը մյուս քաղաքական ուժերի մոտ բացակայում է, դա Հայաստանի տնտեսական կյանքին սփյուռքին ներգրավելու ունակությունն է: «Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը կերաշխավորեն, որ սփյուռքը դառնա Հայաստանի տնտեսության կարեւոր ներդրողը: Մենք պետք է այնպես անենք, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանում իրականացվի»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

















































