Ռուբեն Սադոյանը նշանակվեց Վրաստանում Հայաստանի դեսպան
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից:
Ծանրամարտիկ, օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի հունիսից։ Մինչ այդ նա եղել է Հայաստանի սպորտի նախարարիը, ավելի վաղ՝ նախագահի խորհրդականը:
Սերժ Սարգսյանի այսօրվա մեկ այլ հրամանագրով` Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Ռուբեն Սադոյանը:
Սադոյանը 49 տարեկան է, ծնվել է Երևանում, մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է։
Նա 2000-ից 2001 թվականներին եղել է Հայաստանի պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության վերլուծության և հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչը, 2002-ին զբաղեցրել է «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղում տնօրենի պաշտոնը, 2003-ից 2004 թվականներին` «Կենտրոն-կանաչապատում» ընկերության փոխտնօրենը:
Սադոյանը 2007 թվականին թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, եղել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 9 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Նշենք, որ հրամանագրերի տեքստերը տեղադրված են նախագահի պաշտոնական կայքէջում։

















































