Ղրղզստանում որոշել են նշել Ռուսական կայսրության դեմ ապստամբության օրը
Հոկտեմբերյան հեղափոխության օրն այսուհետ Ղրղզստանում կնշվի որպես նախնիների օատմության եւ հիշատակի օր: Նման որոշում է ընդունել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:
Նա արդեն իսկ համապատասխան հրամանագիր է ստորագրել:
Ղրղզստանի նախագահի պաշտոնական կայքում նշված է, որ 1916թ. Ղրղզստանի տարածքում ապստամբություն է սկսվել Ռուսական կայսրության դեմ, որի ընթացքում զոհվել են շատ ղրղզներ:
Նույն հրամանագրից պարզվում է, որ ղրղզները երեք հազար տարվա պատմություն ունեն եւ բոլոր այդ տարիներին ձգտել են անկախության:
«Ցարական պատժիչ ջոկատների գործողությունների արդյունքում Ղրղզստանի ժողովուրդը կանգնեց լինել-չլինելու խնդրի առաջ»,- նշված է փաստաթղթում:
Տարօրինակն այն է, որ Աթամբաեւը շեշտել է, թե իրենք շարունակելու են նշել նաեւ հոկտեմբերյան հեղափոխության օրը:
Ծանոթանալով Ղրղզստանի նախագահի հրամանագրին, ակամա հիշում ես այն հայ քաղաքական գործիչներին եւ պատմաբաններին, որոնք չգիտես ում պատվերով տեղի անտեղի շեշտում են, թե իբր հայ ժողովուրդը եւ Հայաստանը ընդամենը երեք հազարամյա պատմություն ունեն, մինչդեռ մեր երկրի պատմությունը առնվազն վեց հազար տարվա է:
Ինչ վերաբերում է ղրղզների պատմությանը, ապա իրականում ղրղզ ժողովուրդը ձեւավորվել է 1500-ականներին:
Top-News.am

















































