Վիգեն Սարգսյան. Նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ
Չինաստանում չենք պայմանավորվել այս պահին զենք-զինամթերք մատակարարել: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ նկատի ուներ, երբ Չինաստան այցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը հետաքրքրված է Չինաստանից զենքի գնմամբ:
«Ես նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Առաջիկա գնումների, հնարավոր գնումների, այստեղից-այնտեղից ձեռքբերելու մասին խոսակցությունն անօգուտ է, որովհետև դա դժվարացնում է նման բոլոր գործընթացները, բացահայտում է հեռանկարային ծրագիրը, ինչը հակառակորդին թույլ է տալիս հակամիջոցներ ձեռնարկել: Մենք Չինաստանում չենք պայմանավորվել այս պահին զենք-զինամթերք մատակարարել: Ունեցել ենք ռազմաքաղաքական երկխոսության, փոխգործակցության մասին պայմանավորվածություններ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ ԶՈւ-ն ունեցել է Չինաստանից ներկրված զինատեսակներ, որոնք ցուցադրվել են մեր զորահանդեսների ժամանակ: «Մենք բաց ենք ցանկացած երկխոսության»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մեծ աղմուկ բարձրացրած միջադեպին՝ իսրայելական անօդաչուների փորձարկմանը Հայաստանի սահմանների ուղղությամբ, ապա Վիգեն Սարգսյանն ասաց, որ հուսով է՝ տարվող քննությունը լիարժեք ավարտին կհասցվի, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

















































