ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ նոր Համապարփակ համաձայնագիր
Այս տարին կարևոր տարի է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների համար, և ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Հայաստան իր այցին ընդառաջ:
«Սա շատ կարևոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, քանի որ մենք ընդլայնում և խորացնում ենք մեր համագործակցությունը փոխադարձ շահերի հիման վրա: ԵՄ-ն պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնեցված գործընկերային առաջնահերթությունների հետ միասին սա կձևավորի մեր համագործակցությունը, որի շրջանակում մենք պատրաստվում ենք ներդրում կատարել, ի թիվս այլ ոլորտների, կրթության և նորարարության ոլորտում, քանի որ հմտությունների զարգացումն առանցքային կլինի Հայաստանի ապագայի համար: Իմ այցը նաև նախապատրաստություն կլինի Արևելյան գործընկերության հաջորդ գագաթնաժողովի համար՝ Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքում շոշափելի օգուտներ բերելու նպատակ ունեցող «2020 թվականի 20 արդյունքների» ուղղությամբ մեր համատեղ առաջընթացի մասին քննարկումների միջոցով»,- ասել է Հանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Հայաստան կժամանի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։

















































