Արման Թաթոյանի հետ 20-ից ավել աշխատակից է ազատվել պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն, կան բաժիններ, որտեղ աշխատող չունենք. Գրիգորյան
Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ՝ փետրվարի 23-ի դրությամբ՝ 20-ից ավել աշխատակից ազատվել են պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
«Եթե դրան էլ գումարենք նախորդիվ շրջանում կոնկրետ այդ բաժիններում թափուր պաշտոնների առկայությունը, այս օրերին ունեցել ենք իրավիճակ, որ կարևորագույն ստորաբաժանումներում, օրինակ՝ խոշտանգումների կանխարգելման և վատ վերաբերմունքի դեմ պայքարի, որտեղ ուղղակի աշխատող չունենք։ 50 տոկոսից ավելի քիչ համալրում ունենք այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի իրավունքների պաշտպանության հարցերին»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ սա չի գնահատի որպես սաբոտաժ, որովհետև որոշ ազատվող աշխատակիցների հետ հնարավորություն ունեցել է խոսելու, որոնք տարբեր անձնական պատճառներ են նշել։

















































