Ընտրություններ 2-րդ փորձից․ Վեդիում այսօր մեկնարկել է քարոզարշավը
Վեդիում այսօր՝ մարտի 2-ին, մեկնարկել է մարտի 27-ին նշանակված Վեդի խոշորացված համայնքի ընտրության քարոզարշավը, որը տեւելու է 25 օր։
Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կազմված է 81 թեկնածուից․ ցուցակը գլխավորում է ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը։ Ավագանու թեկնածուներից միայն 21-ն են անկուսակցական, մյուսները ներկայացնում են ՔՊ-ն։
ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարը Վեդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամայիս Գրիգորյանն է, 3-րդը՝ Նոր կյանք համայնքի մանկապարտեզի տնօրեն Գոհար Ղազարյանը։ ՔՊ-ի ցուցակում նաեւ դպրոցի տնօրեններ կան․ օրինակ, Նոր ուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Քրիստինե Թունյանը, Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Վահրամ Մանուկյանը։ Ավագանու թեկնածուների մեջ կան նաեւ դպրոցների ուսուցչական անձնակազմի եւ բուժհիմնարկների աշխատողներ։
Իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում ընդգրկված են ավագանու 80 թեկնածուներ․ ցուցակը գլխավորւմ է «Իմ հզոր համայնք» կուսակցության ներկայացուցիչ Սպարտակ Թարթիկյանը։ Ավագանու թեկնածուներից 65-ը նույպես ներկայացնում են «Իմ հզոր համայնքը», 2 թեկնածու ներկայացնում է ՀՀԿ-ն, 1-ը՝ ՀՅԴ-ն, մնացած 11-ն էլ անկուսակցական են։
«Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակում դպրոցի տնօրեններ չկան, բայց կան ուսուցիչներ։ Ավագանու ցուցակում նաեւ անհատ ձեռնարկատերեր կան։
Վեդիում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 37 198 է։ Խոշորացված համայնքի ավագանու կազմում պետք է լինի 27 անդամ։

















































