Արցախում ինչ-որ պրոցեսներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում ԱԺ հայտարարության տեքստը մի քիչ մեղմվել է. Արթուր Խաչատրյան
Հայկական կողմն իրեն օտարել է արցախյան խնդրի լուծումից՝ այդ ամեն ինչը «պատվիրակելով» Ռուսաստանին։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ 2020թ.-ի դեկտեմբերին, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Խծաբերդի և Հին Թաղերի վրա, իսկ վարչապետի նախկին մամուլի խոսնակին հարցրեցին, թե ինչ է կատարվում Հադրութի շրջանում, վերջինս հորդորեց դիմել ռուսներին։
«Այսինքն մարդիկ ամբողջությամբ իրենց ձեռքերը լվացել են Արցախից։ Ինքն էլ է ասում, որ դելիմիտացիան ու դեմարկացիան կապ չունեն Արցախի խնդրի հետ, ինչն անիմաստ ու սխալ է։ Վերջիվերջո Արցախի խորհրդարանը հիշեցրեց ՀՀ գերագույն խորհրդի որոշումը 1992թ.-ի, որով ուղղակի արգելվում էր Հայաստանի գործադիր իշխանությանը գալ այնպիսի համաձայնության, որտեղ Արցախը դիտվի Ադրբեջանի կազմում»,-նշեց Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով ԱՀ ԱԺ-ի հայտարարությունը նախապես եղել է շատ ավելի խիստ, և Արցախում ինչ-որ պրոցեսներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում տեքստը մի քիչ ավելի մեղմվել է, սակայն ամեն դեպքում դա հարված էր ՀՀ իշխանություններին, անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

















































