Ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը համաժողովրդական և համազգային դիմադրության ձևավորումն է. Սաղաթելյան
Ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը համաժողովրդական և համազգային դիմադրության ձևավորումն է, որը պետք է կանխի Արցախի հայաթափումը, Հայաստանի թուրքացումը։ Պետք է երկու ճակատով դիմադրություն ձևավորի և իրականացնի, մեկը՝ արտաքին թշնամուն և ՀՀ իշխանություններին, որ մենք զիջելու հայրենիք չունենք և չունեք ժողովրդի կողմից մանդատ՝ մեկ անգամ ևս երկրին նոր կապիտուլյացիայի և նոր կորուստների տանելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Այդ պահանջը ժողովրդի մեջ կարծես թե կա, բայց խնդիր ունենք՝ մեր պայքարը կազմակերպելու»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ փողոց դուրս կգան, բայց պետք է դուրս գան շատ ավելի կազմակերպված, համախմբված, որ հանկարծ ժողովրդին չտանեն հիասթափության, այժմ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։
Սաղաթելյանը կոնկրետ ժամկետներ չմատնանշեց, միայն ընդգծեց՝ իրենց քայլերը երբեք իշխանությունների քայլերով պայմանավորված չէ և, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ակտիվ աշխատանքներ են տարվում մարզերում՝ կարևորում են «Դիմադրության» շարժման ցանցային կազմակերպումը։

















































