Արթուր Ղազինյանը կրկին չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի սկզբում, ինչպես տեղեկացրել էինք, միջադեպ գրանցվեց։ Ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միմյանց մեղադրեցին ստախոսության մեջ, իսկ Արծվիկ Մինասյանն էլ խոստացավ, որ Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանն անպայման դատվելու են։ Ու թողեցին դուրս եկան՝ այլևս չմասնակցելով նիստին։ Իսկ նիստի օրակարգում դարձյալ՝ արդեն 13-րդ անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին հարցն էր, որի վերաբերյալ այս անգամ հանձնաժողովի նախագահին գրությամբ դիմել էր Արծվիկ Մինասյանը։
Ղազինյանը այս անգամ էլ ներկա չէր նիստին։ Երբ ընդդիմադիրները դուրս եկան դահլիճից՝ չմասնակցելով իրենց բերած հարցի քննարկմանը, Անդրանիկ Քոչարյանը առանց նրանց հարցը դրեց քվեարկության և, բնականաբար, իշխանական «ուսապարկերը» դարձյալ՝ «հոբելյանական» 13-րդ անգամ դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու վերաբերյալ հարցին։

















































