Կառավարությունը հավանություն չտվեց Արամ Վարդևանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը
Կառավարությունն այսօր հավանություն չտվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։
Նշենք, որ պատգամավորն առաջարկում էր լրացում կատարել «ՀՀ քրեական օրենսգրքում» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում», որով առաջարկվում էր ԱԺ քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկատվություն հայտնելը կամ տրամադրելը պատժել 5-7 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ Պաշտպանության և անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում պատժել՝ 8-12 տարի ժամկետով ազատազրկմամբ։
Կառավարությունը կարծում է, որ նախագծում առկա ձևակերպման դեպքում ստացվում է՝ քննիչ հանձնաժողովներին հայտնած կամ տրամադրված ցանկացած կեղծ տեղեկություն՝ անկախ դրա էական լինելուց, քրեական պատասխանատվություն է առաջացնում, որի համար ազատազրկման ձևով պատիժ է նախատեսում, ինչը կառավարության կարծիքով ընդունելի չէ։
Այսպիսով, կառավարությունը որոշել է, որ նախագիծն անհրաժեշտ է լրամշակել։

















































