Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը վերսկսվել է միայն առավոտյան. երկրորդ հերթափոխը չի աշխատել
Ադրբեջանի ԶՈՒ-երի հերթական սադրանքի արդյունքում երեկվանից Սոթքի ոսկու հանքավայրի դադարեցված աշխատանքը վերսկսվել է միայն այսօր՝ առավոտյան։ Այս մասին հայտնել է «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
«Աշխատանքը սկսվել է ժամը 8։00-ին։ Անվտանգությունից ելնելով՝ երեկ երկրորդ հերթափոխը չի աշխատել»,- ասել է Ռուզաննա Գրիգորյանը։
Նա նշել է, որ այս պահին իրավիճակը հանդարտ է։
Հիշեցնենք, որ երկու օր է՝ Գեղարքունիքում կրակոցների պատճառով հանքավայրի աշխատակիցներին տարհանում են։
Նշենք, որ իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ադրբեջանը կրկին դիմել էր սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

















































