Հրայր Թովմասյանը Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին ներկայանալ ծրարով ու քվեաթերթիկով
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին խնդրեց հաջորդ նիստին իր հետ բերել օրինակ այն ծրարից ու քվեաթերթիկից, որոնք օգտագործվել են հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Նշենք, որ «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը, ընտրախախտումների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելիս, գործին կցել էր լուսանկարներ, որոնցում պատկերված էին ընտրությունների ժամանակ կիրառված ծրարները, որոնք ըստ Զոհրաբյանի թափանցիկ են եղել
Զոհրաբյանի կարծիքով` այդպես քվեարկության գաղտնիությունը խախտվել է, ինչի հետևանքով կարող էին ուղղորդել ընտրողներին:
«Եթե ծրարները և քվեաթերթիկները պահպանվել են, խնդրում եմ հաջորդ նիստին բերեք»,-ասաց Թովմասյանը` դիմելով ԿԸՀ ղեկավարին:
ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն էլ ընդգծեց, որ լուսանկարում հստակ երևում է, որ ծրարը թափանցիկ է և միացավ Թովմասյանի խնդրանքին։
Սահմանադրական դատարանի մյուս դատավորները եւս միացան այս առաջարկին:

















































