ՀՀ ՄԻՊ. Ադրբեջանի կողմից գերիներին չվերադարձնելը ռազմական հանցագործությանը համարժեք արարք է
Ադրբեջանի կողմից գերիներին չվերադարձնելը ռազմական հանցագործությանը հավասարազոր արարք է: Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հարցազրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը շահարկում է գերիների վերադարձի հարցը և նշել, որ այս հարցում անհրաժեշտ է շարունակել միջազգային ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա:
«Ռազմական հակամարտությունը չի ավարտվել, իսկ դա նշանակում է, որ խոսքը գնում է գերիների մասին: Ադրբեջանական կողմի այն փաստարկները, թե գերեվարված հայերը ցանկացել են ահաբեկել խաղաղ բնակիչներին, մեղմ ասած, համոզիչ չեն, քանի որ նրանք մոռանում են, որ Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունը ռազմական գործողությունների գոտուց շատ ավելի հեռու էր գտնվում: Ես սա անընդհատ հիշեցնում եմ միջազգային գործընկերներին: Ինչ վերաբերում է մեր աշխատանքներին, ապա դրանք տարվում են, այդ թվում` վերջերս գերի ընկած վեց հայ զինծառայողների վերադարձի ուղղությամբ», - նշել է ՄԻՊ-ը:

















































