Եթե պատրաստ չեն մեր օրակարգով հանդիպման, պետք է ֆիքսենք, որ ձևական ինչ-որ բան էին ուզում անել, որը չստացվեց. Իշխան Սաղաթելյան
«Հայրենիքի փրկության» շարժումը առաջարկել էր հանդիպման ֆորմատային փոփոխություն, սակայն հանդիպման մինչև հիմա կողմերը չեն արձագանքել:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմը մարտի 10-ին հայտարարություն տարածեց առ այն, որ նախագահը հանդիպման հրավեր է ուղարկել վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին: ՀՓՇ-ն երեկ հայտարարեց, որ համաձայն է մասնակցել հանդիպմանը, բայց իր առաջարկած պայմաններով, այն է՝ հանդիպումը պետք է լինի ԱԺ-ում, ուղիղ հեռարձակմամբ և հստակ օրակարգով՝վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձեւավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ԲՀԿ-ն որպես առանձին խորհրդարանական խմբակցություն ու Նիկոլ Փաշինյանը դեռ չեն արձագանքել հրավերին, իսկ ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ընդունել են այն։
«Մենք հայտարարությունն արել ենք, մեր դիրքորոշումը հայտնել ենք, դեռ արձագանք չունենք՝ ոչ նախագահը, ոչ վարչապետը, ոչ «Իմ քայլը» չեն արձագանքել»,-մեզ հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ողջունեց ԼՀԿ-ի դիրքորոշումը, որ կողմ են ցանկացած ֆորմատով հանդիպման.
«Ուրախ եմ, որ համաձայնել են մեր առաջարկին,մնում է մյուս կողմերը համաձայնեն: Մենք ասել ենք պայմանները , օրակարգը, եթե պատրաստ են այդ պայմաններով հանդիպման, մենք պատրաստ ենք, եթե պատրաստ չեն, պետք է ֆիքսենք, որ ձևական ինչ-որ բան էին ուզում անել, որը չստացվեց»,- մեզ հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:

















































