Այն շերտը, որն այսօր պասիվ է, կարող է պայթել մի անսպասելի պահի․ Նալչաջյան
Աղետի մեջ ենք, արյան գետեր են հոսել, հայրենիք ենք կորցնում, բայց ժողովուրդը չի ըմբոստանում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Նա նշեց, որ նմանատիպ իրավիճակներում հայտնվելիս մարդիկ եսակենտրոն են դառնում․ «Կենցաղն էլ է դժվարացել, ամեն ինչ թանկանում է, ամեն ինչ ավելի դժվար է դառնում։ Մարդիկ նման իրավիճակում դառնում են եսակենտրոն և սկսում զբաղվել՝ իրենց առօրյա հոգսերը հոգալով։ Ամեն մեկն իր գլուխը պահելու մասին է մտածում»,-նշեց հոգեբանը՝ հավելելով, որ դրա դրսևորումներից մեկն էլ «Զվարթնոց» օդանավակայանում տիրող վիճակն է։
Հոգեբանի խոսքով այն շերտը, որն այսօր պասիվ է, կարող է պայթել մի անսպասելի պահի․ «Այսքան ծանրագույն բաներ տեսանք, մի փոքրիկ, կարելի է կարծել ոչ այդքան էական մի հարցով մեկ էլ կարող է մեծ պայթյուն տեղի ունենալ։ Սա է ժողովրդի հոգեվիճակը»,-նշեց հոգեբանը։

















































