Դատավոր Դանիբեկյանի որոշումը սպասելի էր. Արամ Վարդեւանյան
Դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը սպասելի էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը` ինքնաբացարկի միջնորդության մասին դատավորի որոշման հրապարակումից հետո:
Միջնորդությունը երեկ ներկայացրել էր նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Պաշտպանը շեշտել էր դատավորի թույլ տված խախտումը. դրա բացթողման պատճառով դատարանում բժշկական գաղտնիք էր բացահայտվել Գեւորգյանի կնոջ վերաբերյալ: Քանի որ տեղեկատվությունն արդեն տարածվել է, փաստաբանը պարզաբանեց, որ խոսքը Գեւորգյանի կնոջ` կորոնավիրուսով հիվանդ լինելու փաստի բացահայտման մասին է, ինչով եւ դատական նիստի հետաձգման պատճառ էր դարձել: Այս կապակցությամբ Գեւորգյանի փաստաբանը դիմել էր դատախազություն եւ ՀՔԾ` պահանջելով քրեական գործ հարուցել: Այսպիսով, Ալեքսանյանը շեշտեց, որ Դանիբեկյանն արդեն հանցագործություն է կատարել իր պաշտպանյալի նկատմամբ, եւ առավել եւս չի կարող օբյեկտիվ եւ անկողմնակալ լինել նրա նկատմամբ, ով ձգտում է պատժի հասնել թույլ տված խախտման համար:
Դատավորը մերժեց միջնորդությունը:

















































