Ո՞րն է պատճառը, որ միայն Բադասյանի նկատմամբ է քրեական հետապնդում իրականացվում
Ատելության, հաշվեհարդարի, անհանդուրժողականության կոչերն, իրավամբ, անընդունելի են։ Ավելին, դրանց կատարելագործման հեղինակային իրավունքը պատկանում է այսօրվա իշխանությանը, որն այսօր բումերանգի օրենքով ետ է վերադարձվում իրենց։
Միանշանակ, անկախ թե ում հասցեին է հաշվեհարդարի կոչը, անթույլատրելի է փողոցային արդարադատությունը, իսկ դրա կրողները պետք է ենթարկվեն բացառապես օրենքով սահմանված կարգով պատասխանատվության։
Օրեր առաջ ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց Վահան Բադասյանը, կարծես Վարչապետին հաշվեհարդարի ենթարկելու սպառնալիքի համար։ Այսօր բազմաթիվ են նման սպառնալիքները, սկսած համացանցում, վերջացրած փողոցում։ Ո՞րն է պատճառը, որ միայն Բադասյանի նկատմամբ է քրեական հետապնդում իրականացվում։ Արդյո՞ք նման ընտրովի քրեական հետապնդման տակ քաղաքական միտումներ չկան։ Եթե այդպես է, դուք այս հարցում նախորդներից ոչնչով չեք տարբերվում։
Հ.Գ. Վահան Բադասյան անձին անձամբ չեմ ճանաչում։ Ճանաչում եմ իրավունքի գերակայությունն ու պայքարում եմ ինչպես փողոցային, այնպես էլ ընտրովի արդարադատության դեմ։
Լևոն Բաղդասարյան

















































