Այս պահին «Հայրենիքի փրկության շարժումը» ունի մեկ պահանջ՝ Փաշինյանի հեռացումը․ երկխոսելու ոչինչ չկա. Արծվիկ Մինասյան
«Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անունից արդեն իսկ հրապարակվել է հստակ հայտարարություն առ այն, որ երկխոսելու ոչինչ չկա մի անձի հետ, որն օր առաջ պետք է հեռանա, հետևաբար այս պահի դրությամբ մենք չունենք որևէ այլ պահանջ, քան Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Այս մասին ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե այս ընթացքում ԱԺ-ում հանդիպում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանը, և հարցին՝ արդյո՞ք տեղյակ են հանդիպման մասին, և գիտե՞ն՝ ինչ օրակարգ է քննարկվելու։
«Երևի Ծառուկյանն ինքը կանդրադառնա այդ հարցին։ Ամեն կուսակցություն ունի իր օրակարգը, իր մոտեցումները»,-նշեց Մինասյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» երթով ՀՔԾ-ի մոտ էր՝ պահանջելով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին՝ պետական դավաճանության հոդվածով։

















































